Հայկազյան համալսարանի ավելի քան կեսդարյա հայրենանպաստ ու հայապահպան գործունեությունը հպարտության զգացում է պարգեւում յուրաքանչյուր հայի։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին:

Հանդիպման սկզբում նախագահը նախ շնորհավորել է սփյուռքի նշանավոր կրթօջախներից մեկի, Լիբանանում պետական ճանաչման արժանացած միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատության` Հայկազյան համալսարանի 60-ամյա տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ Հայկազյան համալսարանի ավելի քան կեսդարյա հայրենանպաստ ու հայապահպան գործունեությունը հպարտության զգացում է պարգեւում յուրաքանչյուր հայի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Փոլ Հայդոսթյանի անձնական ներդրումը Համալսարանի եւ սփյուռքահայ տարբեր կրթօջախների փոխհարաբերությունների զարգացման գործում, ինչը, Նախագահի գնահատմամբ, նպաստում է ոչ միայն տվյալ կրթական հաստատությունների, այլեւ միջհամայնքային կապերի սերտացմանը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին ակտիվացել է Հայկազյան համալսարանի համագործակցությունը հատկապես ԵՊՀ-ի հետ, սակայն Հայաստանի այլ կրթօջախների եւ գիտական հաստատությունների հետ եւս փոխգործակցությունը, նախագահի համոզմամբ, պատկառելի ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:

Երկուստեք կարեւորվել է ուսանողների փոխանակման եւ փոխայցելությունների ծրագրերի իրագործումը, որը սփյուռքահայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ԵՊՀ–ում եւ հայաստանյան այլ գիտակրթական հաստատություններում մասնագիտանալու հայագիտության, սփյուռքագիտության, ցեղասպանագիտության, ինչպես նաեւ արաբագիտության ասպարեզներում, իսկ Հայաստանի ուսանողներին՝ սփյուռքն անմիջականորեն ճանաչելու եւ ընտրած ոլորտում մասնագիտական հմտություններ ձեռք բերելու:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել 2012թ. ՀՀ նախագահի Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Հայկազյան համալսարան:

Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ Հայաստանում մշտապես պատրաստ են օժանդակել Հայկազյան համալսարանին, երբ կրթօջախը դրա անհրաժեշտությունն ունենա:

Փոլ Հայդոսթյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ջերմ հյուրընկալության, Համալսարանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ հետեւողականորեն իրականացվող պետական քաղաքականության համար: