Հայաստան-ԵՄ հարաբերությունները շարունակում են զարգանալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Նա հիշեցրել է, որ 2014-ի նոյեմբերին մեկնարկել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր երկխոսության շուրջ կարծիքների փոխանակումը: Փոխնախարարի խոսքով, քննարկումներն ընթանում են երկու մակարդակներով. Քաղաքական մասը վարում է ԱԳՆ-ն, իսկ տնտեսականը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Ակնհայտ է, որ կա հարաբերությունները զարգացնելու եւ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու քաղաքական կամք»,-հավելել է նա:
Նազարյանը հիշեցրել է, որ Ռիգայում մայիսի 20-21-ին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից ամփոփիչ հռչակագրում ասվում է, որ ցանկալի է Հայաստանի մասնակցությունը Horizon 2020 գիտահետազոտական ծրագրին եւ COSME փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագրին:
«Շատ կարեւոր է զարգացնել շարժունակությունն ու կապերը մարդկանց միջեւ: Նաեւ մեր ուշադրության կենտրոնում է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը»,-հայտարարել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի, «Արեւելյան գործընկերության» եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարածաշրջանային համագործակցության, ԵԱՀԿ-ի հետ համագործակցության Եվրոպական արտաքին կապերի վարչության նախագահ Գունար Վիգանդի հետ, որի ժամանակ հայտարարվել է, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի մշակման շուրջ բանակցություններ սկսելու մասին կարելի է հայտարարել մինչեւ տարեվերջ:



























