Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հարավային Սուդանում օդանավի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին:
NEWS.am-ին ԱԳՆ մամուլի ծառայությունից մասնավորապես հայտնեցին. «Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։
Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է տեղի իշխանությունների, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաեւ Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ զոհված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի տրամադրման եւ նրանց աճյունների՝ հնարավորինս արագ հայրենիք տեղափոխման կազմակերպման ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր բեռնատար ԱՆ-12 օդանավը։ ԱՆ-12-ը վայր էր ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինությունները՝ ընկել Նեղոս գետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Վեք Աթենին, ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ 5 քաղաքացի եւ մեկ ռուսաստանցի։ Նրանք բոլորը զոհվել են։




























