Կաշառելու մրցավազքի մեջ մտնելը Հայաստանին հարիր չէ: Նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում բռնության աճը» թեմայով զեկույցի նախագիծը:

Պաշտոնյայի խոսքով, մի կողմ թողնելով այդ մարդու անձը՝ հարկավոր է միայն հիշել, որ 2013 թվականին հենց Ուոլթերն էր ղեկավարում Ադրբեջանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելությունը: Իր զեկույցում նա ընտրությունները փայլուն էր որակել:

Քոչարյանը հիշեցրեց, որ այդ զեկույցը մեծ հարված հասցրեց ԵԽԽՎ հեղինակությանը: Դրանից հետո բրիտանական Guardian-ը Ուոլթերի եւ նրա առաքելության մասին գրեց, որ նրանք տուն են վերադարձել թանկարժեք նվերներով, խմիչքով, խավիարով, մետաքսե գորգերով եւ դրամական պարգեւով:

«Մենք, իհարկե, շատ լավ գիտակցում ենք, որ քարոզչության համար նաեւ գումար է անհրաժեշտ: Բայց հարկավոր է նաեւ այլ բան՝ խոսելու եւ լսելու ունակություն: Մենք շարժվում ենք այդ ուղիով, եւ բավական հաջողությամբ»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը: