Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ երաժշտական գործիքավորմամբ ուղեկցվող սկավառակն այսօր թողարկվում է Իտալիայում։ «Wake up!» («Արթնացիր!») ալբոմը պատրաստվել է Վատիկանում։
Դրա պատրաստման գաղափարը պատկանում է Ջուլիո Ներոնիին, որը մինչ այդ արդեն թողարկել էր Հովհաննես Պողոս II-ի եւ Բենեդիկտոս XVI-ի քարոզները դարձյալ երաժշտական ձեւավորմամբ։ Սակայն ներկայիս աշխատանքը նրա խոսքով լրիվ տարբեր է։ «Մենք ջանացել ենք արտացոլել Ֆրանցիսկոսի բնավորությունը», - պարզաբանել է Ներոնին։ Արդյունքում, նշել է նա, շատ էկլեկտիկ սկավառակ է ստացվել. ներկայիս հոգեւոր առաջնորդի ամենահայտնի ելույթների 11 ժապավեն, որոնք ոչ միայն եկեղեցական երգեցողություն են պարունակում, այլեւ փոփ եւ ռոք երաժշտություն։ Նյութի վրա աշխատել են կոմպոզիտորներ, որոնք համագործակցում են այնպիսի էստրադային կատարողների հետ, ինչպիսին է, օրինակ, Լաուրա Պաուզինին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ալբոմը սկսվում է «Բարի երեկո» ֆրազով, որը Խորխե Մարիո Բերգոլիոն արտասանել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից Հռոմի պապ ընտրվելուց անմիջապես հետո։ Ձայնագրության մեջ ներգրավվել է նաեւ կանանց չինական երգչախումբ:
Ամսի վերջին սկավառակը վաճառքի կհանվի նաեւ այլ երկրներում։ Վատիկանում դրա համար համամոլորակային մասշտաբի հաջողություն են կանխատեսում՝ հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի համբավը։ Իսկ վաճառքից ստացված գումարը կուղղվի բարեգործական նպատակների, մասնավորապես՝ փասխտականներին օգնելու։





























