Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը գործում է, եւ անհրաժեշտ է շարունակել այն։ Այս մասին NEWS.am –ի թղթակից հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուորլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցին։
Դեսպանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը այդ հարցում հետեւյալն է, եւ դա վերաբերում է ԵԽԽՎ-ին։ «Մեր կառավարությունը չի կարող խորհրդարանի անդամներին թելադրել, թե ով ինչ պետք է վերահսկի, քանի որ նրանք անկախ են։ Ես այդ հարցով քննարկում եմ ունեցել ձեր ԱԳՆ ներկայացուցչի հետ։ Մենք վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության լուծման համար տարվող քննարկումներում առաջընթաց գրանցելու ամենալավ ձեւաչափն է»,- ընդգծել է Ջուդիթ Ֆարնուորթը։
Ընդունելով, որ յուրաքանչյուր ֆորում կարող է քննարկել այդ հարցը, ԵԱՀԿ ՄԽ-ն ցանկանում է տեսնել այդ գործընթացի զարգացումը եւ համաձայնության ձեռքբերումը։ «Մենք ձեւաչափի փոփոխության որեւէ պատճառ չենք տեսնում»,- եզրափակել է դեսպանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ-ի քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստին հայկական կողմերի համար անընդունելի որոշում է ընդունվել, որը կոչվում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»։ Զեկույցը կներկայացվի 2016-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը NEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ին հիշեցրել է, որ ԼՂ համակարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Մենք կարդացել ենք բանաձեւը եւ կողջունենք զեկուցողի եւ ԵԽԽՎ հետաքրքրված անդամների հետ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկայիս մոտեցումների շուրջ քննարկումը:
Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կազմակերպության հետ հակամարտության տեւական լուծում գտնելու շուրջ: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ կողմերը ընդունում են Մինսկի խմբի ձեւաչափը, եւ մենք՝ համանախագահներս, կշարունակենք մեր միջնորդական ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա»,- ասել է նա։




























