Միացյալ Թագավորությունը ողջունում է համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունը, որը շահեկան կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Եվրամիության համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆանուորթը՝ անդրադառնալով իրավական նոր փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին:
Բրիտանացի դիվանագետը հիշեցրեց, որ այս շաբաթվա սկզբին Բրյուսելի եւ հայկական կողմի ներկայացուցիչների միջեւ միանգամայն բեղմնավոր քննարկումներ են տեղի ունեցել: Դեսպանի խոսքով, դրանք ուղղված էին ապագա համաձայնագրի համար ոլորտների բացահայտմանը:
«Միացյալ Թագավորությունը ողջունում է մանդատի տրամադրման որոշումը՝ հետագա բանակցությունների անցկացման համար: Հայկական կողմից ապագա համաձայնագրում հնարավորինս շատ ոլորտների անդրադառնալու մեծ ձգտում կա: Կարծում եմ, որ լավատեսության առիթ կա, եւ այս շաբաթվա սկզբին կայացած քննարկումները բանակցությունների մեկնարկի համար լավ հիմք ապահովեցին»,- ընդգծեց Ջուդիթ Ֆանուորթը:
Նոյեմբերի 4-ին Երեւանում կայացավ Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին հարցեր ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի, առեւտրի, արդարադատության, ազատության եւ անվտանգության, տրանսպորտի եւ էներգետիկայի, տնտեսական զարգացման, բազմակողմ համագործակցության, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ անդամ-պետությունների ԱԳ նախարարների գագաթաժողովին Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրվեց՝ հաշվի առնելով ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Երեւանի պարտավորությունները:



























