Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում հրազենային վիրավորում ստացած Աբրահամ Ավագյանի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի շրջանային բաժանմունքի նախագահ Արկադի Դալարյանը:
Նշենք, որ Աբրահամ Ավագյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Դալարյանի խոսքով՝ նոյեմբերի 7-ին նրան պետք է 5-րդ անգամ վիրահատեին, սակայն չեն արել: «Միգուցե նոյեմբերի 8-ին անեն: 28-ամյա Ալբերտ Ակուլյանը, որն անցյալ շաբաթ բոլորից ծանր վիճակում էր գտնվում, ապաքինվում է, անգամ հնարավոր է, որ նրան եկող շաբաթ դուրս գրեն: Մեսրոպ Մալոմյանը, որը նույնպես վերակենդանացման բաժանմունքում է, նույնպես նորմալ վիճակում է»,- ասել է Դալարյանը:
Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի շրջանային բաժանմունքի նախագահը նաեւ հավելել է, որ այս պահին ձերբակալված են 3 կասկածյալ, իսկ 5-ը փախուստի մեջ են: «Ցավոք սրտի, նախկինում դատված ադրբեջանցուն դեռ չի հաջողվել ձերբակալել: Բաշկիրիայի իրավապահները շահագրգռված են գործը բացահայտելու հարցում»,- ընդգծել է Արկադի Դալարյանը:
Հիշեցնենք, որ Սալավաթ քաղաքում քրեական ողբերգություն էր տեղի ունեցել այս տարվա հոկտեմբերի 29-ի գիշերը։ Դիմակավոր մարդկանց խումբը (8 մարդ) Հյուսիսային փողոցում մեքենայով մոտեցել էր ավտոսերվիսին եւ կրակել յոթ մարդու ուղղությամբ։ Հայտնի է, որ հարձակվողներից մեկը նախկինում դատված Նագիմ Շաքիրօղլի Մամեդով անունով 34-ամյա ադրբեջանցին է, որը եղել է իր ընկերների հետ։ Տուժածներն են՝ Ա. Ոսկայան, Տ. Ոսկանյան, Ս. Գրիգորյան, Մ. Մալոմյան (վերակենդանացման բաժանմունքում է), Ա. Ավետյան(վերակենդանացման բաժանմունքում է), Ա. Ակուլյան (վերակենդանացման բաժանմունքում է)։ Ավտոսերվիսի տերը 35-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է Սալավաթի քաղաքային հիվանդանոցում գլխի մասում հրազենային վնասվածքից։





























