Կանադացի գիտնականները պարզել են, որ բռնցքամարտն ավելի վտանգավոր մարզաձեւ է, քան խառը մենամարտերը։ Ընդ որում, վերջիններս ավելի արյունոտ են համարվում։ Հետազոտությունը հրապարակվել է Clinical Journal of Sports Medicine ամսագրում։

Հետազոտողները նման եզրակացության են եկել 2003-2013թթ. ակտիվ սպորտով զբաղվող 1181 մարտիկի ուսումնասիրելու արդյունքում։ Նրանց թվում եղել են ինչպես բռնցքամարտիկներ, այնպես էլ խառը մենամարտերով զբաղվողներ։

Գիտնականները պարզել են, որ բռնցքամարտիկները մարտի ժամանակ վնասվածքներ են ստանում 49.8 տոկոս դեպքերում, իսկ խառը մենամարտի կողմնակիցները՝ 59.4 տոկոս դեպքերում, փոխանցում է Lenta-ն։

Ընդ որում գիտնականներն ապացուցել են, որ խառը մենամարտով զբաղվողները հաճախ են ստանում մանր, սակայն արյունալի վնասվածքներ։ Բայց դրանք բուժելի են, իսկ բռնցքամարտիկների դեպքում ավելի հաճախ ախտորոշվում են գլխուղեղի լուրջ ցնցումներ կամ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել կուրության։