Ճապոնացի հետազոտողները պարզել են, որ հասարակական տրանսպորտով աշխատանքի գնալը մի շարք պատճառներով ավելի առողջարար է։ Մասնավորապես դա օգնում է նորմայի սահմաններում պահել արյան ճնշումը եւ նվազեցնում է շաքարախտի զարգացման ու ավելորդ քաշի առաջացան ռիսկը։ Այս մասին գիտնականները պատմել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի Ամենամյա գիտական նստաշրջանի ժամանակ։
Գիտնականներն ուսումնասիրել են Օսակա քաղաքի 49-54 տարեկան 6 հազար բնակիչների։ Նրանց բաժանել են երկու խմբի՝ մարդիկ, որոնք աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով ու հեծանվով, եւ մարդիկ, որոնք նախընտրում են անձնական մեքենան։ Հետազոտություններն իրականացվել են 2012-2015թթ., փոխանցում է Lenta-ն։
Գիտնականները պարզել են, որ հասարակական տրանսպորտից կամ հեծանիվից օգտվելը 44 տոկոսով նվազեցնում է ավելորդ քաշի առաջացման ռիսկը, 27 տոկոսով կանխում է արյան բարձր ճնշումը, 34 տոկոսով նվազեցնում է շաքարախտի եւ ավելորդ քաշի առաջացման ռիսկը։ Ճանապարհի տեւողությունը պետք է 20 րոպեից ավել լինի։





























