«Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, 72-ամյա Ռոբերտ դե Նիրոն նոյեմբերի 9-ին Մոսկվայում իր նոր ռեստորանն է բացել, ինչպես նաեւ պատասխանել ռուսաստանցի լրագրողների հարցերին: Ամերիկացի դերասանը Մոսկվա է ժամանել որպես Nobu ցանցի համասեփականատեր:

Դե Նիրոյին հարցրել են, թե չէ՞ր ցանկանա հետեւել այն դերասանների ու մարզիկների օրինակին, որոնք ցանկացել են ՌԴ քաղաքացիություն ստանալ, ինչին նա պատասխանել է. «Հնարավոր է, ես կցանկանայի ՌԴ քաղաքացիություն ստանալ: Ինչպես հասկանում եք, դա բարդ իրավիճակ է, այնպես որ կտեսնենք, պետք չի գուշակել»:

Բացի այդ, դե Նիրոն պատմել է, որ սիրում է պելմեններ, սակայն ինքը պատրաստել չի կարողանում: Հարցին, թե բացի ռեստորանային բիզնեսից ինչին է ուզում նվիրել իր ազատ ժամանակը, հոլիվուդյան դերասանը պատասխանել է. «Ես շատ բաներով կցանկանայի զբաղվել, բայց դժվար թե դա իրականանա», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, Nobu հեղինակային խոհանոցի միջազգային ցանցի առաջին ռեստորանը Ռոբերտ դե Նիրոն եւ ճապոնացի շեֆ-խոհարար Նոբու Մատսուհիսան բացել են 1994 թվականին Նյու Յորքում: Ներկայումս Nobu կայսրությունում ընդգրկված է 33 ռեստորան աշխարհի 28 քաղաքներում:

Մոսկվայում առաջին ռեստորանը նրանք բացել են 2009-ին՝ համագործակցելով գործարարներ Արաս եւ Էմին Աղալարովների հետ: