Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր՝ նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ։

«ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան Կոնտուր Գլոբալի կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով: Ուզում եմ շեշտել, որ Կոնտուր Գլոբալն այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ: Թույլ տվեք շեշտել մի բան, որ բոլոր ներկաները քաջ գիտակցում են. ԱՄՆ դեսպանատունը չի կարողպարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում: Հայաստանն է, որ պետք է գրավիչ լինի ներդրողների համար, ինչպես եղավ կոնտուր Գլոբալի դեպքում: Ընդհանուր առմամբ, ընկերությունները ներդրում են կատարում այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն ու թափանցիկություն բոլոր հարցերում՝ հարկային ու մաքսային ընթացակարգերից մինչեւ դատական վարույթներ: Ուստի, ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում այն միջոցներն են, որոնք կօգնեն ձեւավորել այնպիսի գործարար միջավայր, որտեղ կարող են արդարացի մրցակցել բոլոր ընկերությունները, լինի հայկական, ամերիկյան, ռուսական, թե այլ ընկերություն՝ այսպիսով մեծացնելով ներդրողների վստահությունը»,- նշել է դեսպանը:

Խոսելով Հայաստանում ԱՄՆ ներդրումների մասին՝նա անդրադարձ է կատարել ամերիկյան ներդրումները Հայաստանում ավելացնելու նպատակով վերջերս դեսպանության կողմից կազմակերպված երկու միջոցառման: «Այսպիսի միջոցառումներ առաջիկայում կուզենայի ավելի շատ տեսնել:Սեպտեմբերին մենք ֆրենչայզինգի օր անցկացրեցինք, որի ժամանակ Երեւան էին ժամանելֆրենչայզինգի հնարավորություններով հետաքրքրված մի քանի ամերիկյան ընկերություն: Մենք նաեւ հոկտեմբերին ընդունեցինք ԱՄՆ գործընկերության հնարավորության պատվիրակությանը, որը դիտարկում էր համագործակցությունը վերականգնվող էներգիայի ոլորտում: Մեր աշխատակազմը նախապատրաստում է նմանատիպ այլ միջոցառումներ եւս,եւ կուզենայինք նաեւ լսել ՀԱԱՊ-ի նկատառումներն այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի նման միջոցառումները հնարավորինս լավ ծառայեն իրենց նպատակին»:

«Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի տնտեսական աճին ուղղված աջակցությամբ մենք շեշտադրում ենք մարզային զարգացման հարցը: Օրինակ՝ ԱՄՆ կառավարությունը ավելի քան քսան տարի ակտիվորեն աջակցում է գյուղատնտեսության զարգացմանը: Այս ոլորտը, որտեղ ներգրավված է Հայաստանի աշխատուժի 40 տոկոսը եւ որն ապահովում է ՀՆԱ-ի 20 տոկոսը, կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության ընդհանուր աճի ու կենսունակության համար: Գյուղատնտեսության աջակցության մեր ծրագրերով, որոնք ներկայումս իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար է ուղղված գյուղատնտեսության մրցունակության մեծացմանը եւ գյուղական համայնքներիտնտեսական աճին:

Գյուղատնտեսության ոլորտում մեր կայուն գործակցությունից զատ՝ մենք դիտարկել ենք նաեւ գյուղի զարգացման այլ ուղիներ: Այս պահին դեռեւս շատ բան չեմ կարող ասել, սակայն այս ամսվա ընթացքում մենք կհայտարարենք տուրիզմի հետ կապված մի շատ հետաքրքիր նախաձեռնության մասին, որի շրջանակում համագործակցում ենք ԱՄՆ Սմիթսոնյան հաստատության հետ, եւ սա կարծում եմ Հայաստանի գյուղական բնակավայրերի տնտեսությանը նոր շունչ ու ավյուն կհաղորդի»,- նշել է դեսպանը: