ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները լիարժեք քննարկումներ կանցկացնեն շփման գծում լարվածության թուլացման համար անհրաժեշտ քայլերի եւ հարցերի շուրջ։ Այս մասին նոյեմբերի 12-ին՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի 23-րդ խմբի երդմնակալության արարողությունից առաջ, լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվելիք հանդիպմանը։
Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ը շատ գոհ է, որ երկու նախագահները որոշել են մինչեւ տարվա վերջ հանդիպել։ «Դա բավական դրական քայլ է երկու կողմից էլ։ Մենք հույս ունենք, որ նախագահները բաց կլինեն ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահների նոր առաջարկների համար եւ պատրաստակամություն կցուցաբերեն քննարկել դրանք»,- ընդգծել է Ռիչարդ Միլսը։





























