Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները պլանավորվում է սկսել դեկտեմբերին։ Այս մասին նոյեմբերի 12-ին կայացած Կառավարության նիստի ավարտին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։ Նա հիշեցրել է, որ Եվրամիության պատվիրակների հետ հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել բանակցությունները սկսելու ժամկետների մասին։
«Որպես ենթադրյալ ժամկետ է դիտարկվում դեկտեմբերի սկիզբը։ Ամեն դեպքում երկու կողմերն էլ պատրաստ են սկսել մինչեւ տարվա վերջ»,- հավելել է փոխնախարարը։ Նա հիշեցրել է, որ ապագա բանակցությունների շուրջ կարծիքների փոխանակումը ընթանում է 2014թ.-ից։
«Երկխոսությունը հաջողված է եւ հույս է ներշնչում, որ բանակցությունները բովանդակալից կլինեն եւ կարտահայտեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորությունը։ Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրից տարբերվելուն՝ ապա փոփոխությունները կվերաբերեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն։ Բնականաբար այդ բաղադրիչն էապես կփոխվի։ Շարունակվում են էկոնոմիկայի նախարարության եւ եվրոպացի գործընկերների միջեւ քննարկումները»,- ասել է փոխնախարարը։
Հարցին, թե նախատեսվում է արդյոք փոփոխություններ կատարել բանակցությունների քաղաքական օրակարգում, Նազարյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք հնարավորինս պահպանել այն, ինչ ձեռք ենք բերել նախորդ բանակցությունների ժամանակ»։



























