Ամերիկյան Յուտա նահանգի անչափահասների գործերով դատավորը որոշել է լեսբուհի ծնողներից վերցնել որդեգրած աղջկան եւ նրան փոխանցել հետերոսեքսուալ ընտանիքի։ Այդ մասին տեղեկացնում է The Los Angeles Times-ը։
Դատարանի որոշումը պիտի ի կատար ածվի մեկ շաբաթվա ընթացքում։ 38-ամյա Էյփրիլ Հոլանդը եւ 34-ամյա Բեքի Փիրսըը մեկ տարեկան աղջկան որդեգրել էին այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ամերիկյան բոլոր նահանգներում թույլատրել էր միասեռ ամուսնությունները։
Կանայք խելագարություն են անվանել արդեն երեք ամիս իրենց հետ ապրող աղջկան խլելու փորձը։ «Մենք սիրում ենք նրան, նա մեզ է սիրում, մենք նրան ոչ մի վատ բան չենք արել»,- հայտարարել է Փիրսը, տեղեկացնում է Lenta-ն։ Որպես հիմնավորում, դատարանը ներկայացրել է հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, երեխաներն անհամեմատ ավելի լավ են զարգանում, եթե նրանց հետերոսեքսուալ զույգ է դաստիարակում։ Սակայն կանայք վստահ են, որ նման որոշման պատճառը դատավորի կրոնական նկատառումներն են։
Որոշումը իրավապաշտպանների վրդովմունքն է առաջ բերել։ Նույնասեռականների իրավունքներով զբաղվող կազմակերպություններում այս որոշումը ապշեցուցիչ են անվանել, վրդովեցուցիչ եւ անարդար։ Նահանգի խնամակալության մարմինների ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել որոշումը:





























