Հայաստանում լայնածավալ շինարարության տարիները (որը գագաթնակետին հասավ 2008 թվականին) մեր օրերում հաճախ համեմատում են օճառի պղպջակի հետ: Այն իմաստով, որ բնակարանների գներն արհեստականորեն աճեցին: Սակայն որոշակի հիմքեր ունեցող այդ մոտեցումը հաշվի չի առնում մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր գործոն. մեր երկրում դոլարի փոխարժեքը:

Մեր հանրապետությունում միջազգային այդ արժույթը, 2003 թվականի պատմական առավելագույնից հետո (գրեթե 579 դրամ տարեկան կտրվածքով), 2008 թվականին հասավ նվազագույնի (306 դրամ): Այսինքն՝ այդ ժամանակահատվածում դոլարն «էժանացավ» գրեթե 1.9 անգամ: Անկասկած, դոլարով խոշոր կապիտալ ունեցողներին այս փաստը ստիպեց մտածել, թե ինչպես կարելի է փոխհատուցել այս անկումը:

Հավանաբար, այդ տարիներին լավագույն տարբերակներից մեկն անշարժ գույքում ներդրումներն էին համարվում: Վերջինի պահանջարկի աճը հանգեցրեց գների աճի, հետեւաբար՝ նաեւ այդ ոլորտի հանդեպ ավելի մեծ հետաքրքրության: Սակայն դրան հետեւած դոլարի փոխարժեքի բարձրացումը (Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային 2009 թվականին) միջազգային արժույթը վերադարձրեց խնայողության միջոցի իր նշանակությունը: Նկատենք, որ դոլարի փոխարժեքի եւ շինարարության ծավալների՝ 2000-2014 թվականների փոխադարձ կապը բավական բարձր է՝ ավելի քան 0.9:

Բնակարանաշինության մեկ այլ գործոն էին մեր հասարակության նոր դասի՝ բուրժուազիայի շարժառիթները, որոնք ցանկանում էին իրենց բարելավել իրենց «նեղված» բնակարանային պայմանները: Իհարկե, այդ «բարելավումը» երբեմն հսկայական բնակմակերեսով առանձնատների տեսք էին ստանում: Նշենք, որ վերջին 15 տարիներին Հայաստանում առանձնատների թիվն ավելացել է 92 հազար միավորով, իսկ ահա բնակարաններինը՝ «ընդամենը» 22 հազար միավորով:

2008 թվականին «բնակչության» միջոցների հաշվին շինարարության ծավալները կազմել են գրեթե 2 մլրդ դոլար (ավելի քան 71%): Այսինքն՝ «բնակչության միջոցներն» այն ժամանակ ոլորտի զարգացման առաջատարն էին:

Այդ ժամանակներից ի վեր իրավիճակը փոխվեց ճիշտ հակառակ ուղղությամբ: Այսպես, անցյալ տարի, ի տարբերություն 2008 թվականին, շինարարության ֆիզիկական ծավալները կրճատվել են 50%-ով: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին խորհրդանշական՝ 0.1%-ի աճ է արձանագրվել: Ընդ որում, շինարարության մեջ «բնակչության» մասնաբաժինը կրճատվել է մինչեւ մեկ քառորդը (25.3%), իսկ ծավալները կազմել են շուրջ 137 մլն դոլար (2008 թվականի փոխարժեքով՝ 214 մլն դոլարից պակաս):