Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության խմբային փուլի ամենաինտրիգային հանդիպումներից մեկը խոստանում էր լինել ԱՄՆ-Իրան դիմակայությունը: Հասկանալի է, որ մարզական տեսանկյունից որեւէ ինտրիգ էլ այս խաղում չէր կարող լինել` հաշվի առնելով ամերիկյան պրոֆեսիոնալների անհամեմատ բարձր կարգը: Սակայն հանդիպման աշխարհաքաղաքական ենթատեքստը եւ հանդիպման մրցավայրը սկանդալների եւ սենսացիաների սիրահարներին ստիպում էր մերձմարզական ախորժակ պահել:
Սակայն ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ: Հանդիպման նախօրեին ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մայք Կրժիժեւսկին առաջնության պաշտոնական կայքում հայտարարեց, որ հրաշալի է վերաբերվում Իրանին եւ այդ երկրի մարզիկներին: Իրանի հավաքականի բասկետբոլիստները ԱՄՆ-ի նկատմամբ որեւէ վերաբերմունք չէին արտահայտել` նշելով միայն, որ սա ընդամենը խաղ է` քաղաքականությունից հեռու: Պետք է նշել, որ Իրանի ազգային հավաքականի առաջատար Համեդ Հադադին հանդես է գալիս ամերիկյան «Մեմֆիս» ակումբում:
Հանդիպումը տեղի ունեցավ Ստամբուլի «Աբդի Իփեքչի Արնայում» եւ ավարտվեց ամերիկացիներ սպասելի հաղթանակով` այն էլ 37 միավորի առավելությամբ: ԱՄՆ – Իրան` 88:51: Տրիբունաներում եւս ոչ մի միջադեպ տեղի չունեցավ: Ավելին ամերիկացի եւ իրանցի մարզասերները «խաղաղություն» գրությամբ հսկայական պաստառ էին փակցրել:

























