ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։

«Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խաթարումն է։

Զորակցության եւ սփոփանքի խոսք եմ հղում Ձեզ եւ Լիբանանի եղբայր ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: