Հրազդանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է գազի բալոնից արտահոսքի հետեւանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից:

«3 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսք է եղել, գազի կուտակում է եղել, ինչից բռնկում է առաջացել: Սա նախնական վարկածն է, մենք արդեն նշանակել ենք փորձաքննություն եւ մեր համապատասխան տեսչությունը վայրում աշխատում է»,- ասաց ՃԿԱԿ-ից:

Նրանց փոխանցմամբ՝ այրվել է հյուրասենյակի սեղանը՝ մասամբ, գորգը եւ վարագույրը՝ ամբողջությամբ:

«Սենյակում գտնվող մարդիկ վնասվածքներ են ստացել, քանի որ անմիջապես բալոնի կողքին նստած են եղել»,- հայտնեցին կենտրոնից:

Նշենք, որ 68-ամյա Էլզա Մանուչարյանը միայնակ էր ապրում, դեպքի օրը նրա տուն էր եկել թոռան ընկերը՝ Սարմեն Հակոբյանը, որ նորոգի բալոնը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. նոյեմբերի 12-ին Հրազդանի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանից 21-ամյա Սարմեն Հակոբյանը եւ 68-ամյա Էլզա Մանուչարյանը տեղափոխվել են Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

68-ամյա կինը ծանր վիճակում է, իսկ 21-ամյա Սարմեն Հակոբյանը՝ բավարար: