Փարիզում ահաբեկչությունից հետո գրոհի ժամանակ ոչնչացվել է 8 ահաբեկիչ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով իր աղբյուրները, որոնք մոտ են կանգնած քննությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 7 գրոհայինների ոչնչացման մասին՝ 4-ը՝ «Բատակլան» համերգասրահում, 3-ը՝ «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում: Նրանցից 6-ը պայթեցերլ են իրենց «մահապարտի գոտիով»:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ եւս մեկ ահաբեկիչ պայթեցրել է իրեն Բոլտերի այգում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկչությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի վեց տարբեր շրջաններում։ Փարիզի ոստիկանության տվյալներով, ահաբեկչություններ են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ։ Երեք նռնակ պայթեցրել են Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին անհապաղ տարհանել են, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի մուտքերը եւ մարդկանց արգելել դուրս գալ՝ վախենալով ահաբեկչությունների կրկնությունից։
«Բատակլան» համերգասրահում պատանդների վերցրած ահաբեկիչները, ըստ ականատեսների, հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։
Ֆրանսիայի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզում կատարված ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Փարիզում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 150-ի։ Միայն 100-ից ավելի մարդ զոհվել է «Բատակլան» համերգասրահում։ Հավելենք, որ ահաբեկչությունների հետեւանքով մի քանի տասնյակ վիրավոր կա։





























