ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, թե հնարավոր է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար դրական, բայց վտանգավոր քայլ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով, սրանով ԼՂՀ-ն կարող է ներգրավվել իսլամիստների հետ պատերազմում:
Անդրադառնալով նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին, Մանասյանը նկատել է, որ ահաբեկչությունը գլոբալ բնույթ է ստացել: «Իհարկե, մենք ԻՊ-ի հիմնական թիրախը չենք, բայց գտնվում ենք վտանգավոր խաչմերուկում: ԻՊ-ի ահաբեկիչները ներդրվել են բազմաթիվ եվրոպական երկրներում ուրպես փախստականներ: Հիմա դժվար է ասել՝ ինչպես է նույն Եվրոպան, որը կեղծ իդեալների գերի է դարձել, պայքարելու նրանց դեմ»,-հավելել է Մանասյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հայտարարել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների համար:





























