Ստեփանակերտի օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է մեծ բեռնատար օդանավեր ընդունելու, ինչպես օրինակ՝ «Իլյուշին 76» (ԻԼ-76), «Airbus А320», «Boeing 737» եւ ռուսական «Superjet» օդանավեր։ Այդ մասին նոյեմբերի 14-ի մամուլի ասուլիսին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Դմիտրի Ատբաշյանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանն այն մասին, որ իրենք պատրաստ են Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարի համար, նա ընդգծել է, որ ԼՂՀ նախագահը շատ լավ տեղյակ է Ղարաբաղի մայրաքաղաքի օդանավակայանի հնարավորություններին։ «Թռիչքային գոտու երկարությունը 2270 մետր է, լայնությունը՝ 45 մետր։ Խորհրդային ժամանակներում մենք 8-10 թռիչք էինք իրականացնում, սակայն մինչպատերազմական շրջանում թռիչքների թիվը հասնում էր օրական 20-25-ի», - հիշեցրել է Դմիտրի Ատբաշյանը։
Նա ընդգծել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը գիշերային տեսության սարքավորումներ ունի։ «Լեռնային Ղարաբաղի օդանավիգացիոն համակարգը կապված է Հայաստանի համակարգի հետ։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ընդհանուր օդանավիգացիոն համակարգ ունեն։ Այդ հնարավորությունը շատ մեծ ռազմավարական նշանակություն ունի։ Մենք չորրորդ սերնդի սարքավորումներ ունենք, որոնք կարող են առանց մարդու միջամտության տեղեկացնել եղանակային պայմանների մասին», - հավելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախկին պետը։





























