ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված փաստաթուղթը ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտառակություն, բայց եկեք մեղավորներ չփնտրենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք ինքը հրավիրե՞լ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին եւ փորձե՞լ է իմանալ, թե ի՞նչ է կատարվել այնտեղ իրականում, ինչը նաեւ հանրությունը պետք է իմանա:
«Վերնագիրն ինքը ցույց է տալիս զեկույցի խայտառակության մասշտաբը»,- նշել է Փաշինյանը: Զեկույցի վերնագիրն է. ««Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»:
Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ նման խնդիրները ԱԺ պատվիրակությունը միայնակ չէր կարող լուծել եւ այդ մասին դեռ մեկ տարի առաջ գիտեին, ԵԽԽՎ նախագահի ՀՀ այցի ժամանակ էլ իրենց խոսակցության թեման դա է եղել, որ այդ աբսուրդին պետք է վերջ տալ: «Բայց այս պահին մենք գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների հետ: Եթե մտածում եք մեր ամբողջ պառլամենտը եւ առավել եւս մեր պատվիրակությունը պիտի կարողանար միանագմից հաղթահարելի դարձներ այդ երեւույթը, սխալվում եք: Ո՛չ պաշտպանող, ո՛չ վարկաբեկող խոսքեր չեմ ուզում լսել: Պատվիրակությունը եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական անդամներ ունի, բոլորը միահամուռ պայքարում են այդ ուղղությամբ: Ես կարծում էի՝ ավելի վատ պետք է լիներ»,-ընդգծել է ԱԺ նախագահը:
Փաշինյանն իր հերթին համաձայնել է, որ ստեղծված վիճակի պատասխանատվությունը չի կարելի միայն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության վրա դնել ու վհուկների որս սկսել, բայց նաեւ հավելել է. «Ամենավտանգավոր բանը համարում եմ, որ մեր արտաքին քաղաքական ձախողումները անընդհատ կապում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ: Եթե խավիարը այդքան զորեղ բան է, միգուցե արժե մտածել, որ պատվիրակություն ուղարկելու փոխարեն այդ գումարով խավիար ուղարկենք»:
Գալուստ Սահակյանն էլ արձագանքել է. «Խավիարը չի կարելի որդեգրել որպես հաղթության միջոց կամ պարտության միջոց: Առանց այդ էլ չենք կարողանում օգտվել այդ խավիարից, օդի մեջ խոսում ենք»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ հայկական պատվիրակությունն այս հարցում արել է անհնարը՝ հավելով. «Այո՛, հայկական պատվիրակությունը աշխատում է Միլի մեջլիսի ռեժիմով: Եթե կան պատգամավորներ, ովքեր գտնում են, որ կարող են առավել արդյունավետ աշխատել այս ռեժիմով, քննարկենք հարցը»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկել է այս փուլում խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել հայտարարությամբ հանդես գալու հարցը:




























