ՀԱԿ խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված ընտրախախտումների հետ կապված հնարավոր է դիմի դատարան: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս թվարկել է, որ իշխանությունը այս ընթացքում թույլ է տվել մի շարք խախտումներ, քարոզչությունն իրականացրել է վարչական ռեսուրսների բացահայտ գործադրմամբ: «Օրինակ «Այո» եւ «Ոչ» ռեալիթի շոուն, որը պետք է հավասար պայմաններ ապահովեր երկուսի համար, եւ պատկերացրեք, երբ որ ակնհայտ է, որ ժողովուրդը ասում է «ոչ» այդ նախագծին, ձախողում է այդ ամբողջ պրոյեկտը, մեկ էլ «Այո եւ ոչ»-ի եթերում հայտնվում է Հովիկ Աբրահամյանը եւ հայտարարում է, որ ոչ թե քարոզիչ է, այլ վարչապետ, որը զբաղվելու է սոցիալական խնդիրների լուծմամբ: Ինչ է ստացվում, ստացվում է, որ քարոզչական մի հաղորդման մեջ վարչապետը մտնում է իր վարչապետական լիազորությունները իրականացնելու եւ դրա լուսաբանումը ստանալու նպատակով»,-ասել է Զուրաբյանը:

Որպես խախտում` նա նշել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ստանձնած հաղորդավարական դերակատարման մասին. «Արմեն Աշոտյանը թող չկարծի, որ ինքը բացառիկ հանցագործ է այս համակարգում, հանցագործները շատ են եւ բոլորի անունները հետեւողականորեն տալու ենք, որովհետեւ ոչ մեկն իրավունք չունի խախտել սահմանադրական նորմերը եւ Ընտրական օրենսգիրքը»:

Ըստ Զուրաբյանի` Աշոտյանը երկու մեղք է գործել. «Մեկը Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ վարելը` խախտելով անկողմանակալության սկզբունքը եւ մյուսն այն է, որ ապօրինի հրահանագավորում է տվել դպրոցների տնօրեններին ճնշումներ գործադրել ուսուցիչների միջոցով ծնողների վրա…»: Լեւոն Զուրաբյանը չի նշել այն ժամկետը, որի ընթացքում այս ընտրախախտումները կվիճարկեն Սահմանադրական դատարանում: