Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի` «Կայարանցի Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկաներից մեկը` ՊՆ սպա, գնդապետ Էդգար Միքայելյանը անհասկանալի հանգամանքներում ծիրանի ծառից կախված է հայտնաբերվել իր տան բակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը` հավելելով, որ սեպտեմբերի 24-ին Քանաքեռավանում ծառից կախված վիճակում հայտնաբերված «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը խնդիրների առաջ է կանգնել իր հետ ունեցած կապի պատճառով:
«Ինքը ինձ հարազատ մարդ էր։ Ինքը հոգեպես եւ ֆիզիկապես շատ ամուր տղա էր։ Ես ուզում եմ փակագծերը բացել: Ինքը խնդիրներ չի ունեցել ոչ մեկի հետ, միակ խնդիրը, որ եղել ա, էս դատական պրոցեսի պահով ա եղել: Իրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին, պահել ԿԳԲ մեկուսարանում զուտ մի բանի համար, իբր ես զանգել եմ իրան, հարցրել, որ իրենց գյուղի մոտ գտնվող կոլոդեցը մարդ քցեմ, ի՞նչ կլինի, բնականաբար նման խոսակցություն մեր մեջ չի եղել: Քննիչը ստիպել ա, որ նա նման ցուցմունք տա, ճնշումներ են գործադրել, ինքը բողոքել է դատախազին, դա անդրադարձել է իր կյանքի վրա: Հիմա ես Էդգարի նման մեկի կարիքը շատ ունեմ իմ կողքին: Ես նրան հարցեր ունեի, որոնց պատասխանները կպարզեին`իրականում ինչ խոսակցություն ա մեր մեջ եղել»,-ասաց Իսրայել Սարգսյանը:
Ամբաստանյալը նաեւ դժգոհեց, որ 9 ամիս շարունակ հարցաքննվել է գործի հետ առնչություն չունեցող 87 վկաների կեսը, մինչդեռ կարեւոր վկաները նույնիսկ ընդգրկված չեն դատարանում հարցաքննվելու կանչված վկաների ցանկում:
«Քննիչը 87 վկա է ներառել դատաքննության մեջ, էս 9 ամիսների ընթացքում ընդամենը կեսն է լսվել, մի 9 ամիս էլ մյուս կեսին կլսեն, մի 6 ամիս իրեղեն ապացույց կքննեն: Սա միայն մի նպատակ ունի` ձգձգել դատական պրոցեսը: Ես ուրիշի տեղն եմ ստեղ նստած, ինչ-որ մեկին ձեռնտու է սա, մեկի ֆանտազիայով, մուտացիայի ենթարկված ձայնագրության պատճառով եմ ստեղ: Բայց ես մեղավոր չեմ, մինչեւ վերջ էլ դա պնդելու եմ: Արթուրն իմ ընկերն էր, ես նրա հանդեպ նման քայլի չէի գնա»,- ասաց նա:
Իսրայել Սարգսյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ոստիկանության 4 սպաների եւ Անի Հովհաննիսյան անունով քաղաքացու, որոնք կարեւոր ցուցմունքներ են տվել, սակայն դատարան չեն կանչվել:
«Ես սպասում էի, որ այս միջնորդությունս 87 վկաներին լսելուց հետո անեմ, բայց արդեն վախենում եմ, որ նրանք էլ կանհետանան: Եթե Էդգարի նման մարդն ա կախվել, կարող ա մինչեւ էդ էս վկաներն էլ կորեն»,-ասաց ամբաստանյալը` հավելելով, որ արդեն ժամանակն է իրեղեն ապացույցների ուսումնասիրման փուլին անցնել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015թ. սեպտեմբերի 24-ին Քանաքեռավանում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 2–րդ մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:




























