Նոր սահմանադրությունը հնարավորություն է տալիս առանց  փողոց դուրս գալու ու հանրահավաքներ կազմակերպելու իշխանափոխություն անցկացնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում (ֆոտոռեպորտաժ):

«Դուք գնալու եք ինքներդ որոշեք՝ ուզում եք էլի 10 տարի մի կուսակցություն գա, ամեն ինչ իր ձեռքը լինի, մի նախագահ լինի, ամեն ինչ իր ձեռքը լինի, թե ոչ: Հիմա, ճիշտ է, լիքը մեղքեր ունենք, մի հատ պարան բերեք, անձամբ ինձ դրեք, կախեք, բայց հիմա առաջարկում ենք կառավարման համակարգը փոխել, ասում ենք՝ արի միտինգով չանենք իշխանափոխություն, այլ հանրաքվեից հետո պառլամենտական ընտրություն անենք, նոր ուժեր գան, իրար հետ միանան, իշխանափոխություն անեն»,- ասել է Մարգարիտ Եսայանը, որը ներկայացնում է «Այո» ճակատը:

«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ, «Ոչ»-ի ճակատը ներկայացնող Արմեն Մկրտչյանը, ընդհակառակը, նշեց, որ նոր Սահմանադրությամբ նախագահը շարունակելու է ղեկավարել երկիրը:

«Հարցն այն է՝ ուզում ենք էլի ստրուկի պես ապրել եւս մի 20 տարի, թե ոչ: Նախագահը շարունակելու է ղեկավարել ու ոչ մի պատասխանատվություն չի կրելու: Մարալիկցին պետք է դա չուզենար»,- մարալիկցիների հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: