Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պնդում է, որ ինքը դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին չի հանձնարարել դեկտեմբերի 6-ին կողմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին:
«Ինձ չի զարմացնում, որ Լեւոնը Զուրաբյանն ունի աղոտ պատկերացումներ կրթական համակարգի մասին: Անգամ մեծ ցանկության դեպքում կրթության եւ գիտության նախարարը չունի լիազորություն՝ հանձնարարություն տալ Հանրապետության բոլոր դպրոցներին: Դրա համար պետք է առնվազն 12 հանձնարարություն՝ մարզպետներ, տարածքային կառավարման նախարար եւ այլն»,- այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին, թե ինքը դպրոցներում զանգվածաբար մարդկանց դրդում է հանցագործություններ կատարել:
Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանին ուրախացնում է հանգամանքը, որ իր գործունեությունը ՀԱԿ-ը բարձր է գնահատում. «ՀՀԿ-ն ունի չորս փոխնախագահ, եթե ՀԱԿ-ը սեւեռվել է մեկի վրա, չորսով ո՞վ է զբաղվելու»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Զուրաբյանը հայտարարել է, որ Աշոտյանը երկու մեղք է գործել. «Մեկը Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ վարելը` խախտելով անկողմանակալության սկզբունքը եւ մյուսն այն է, որ ապօրինի հրահանագավորում է տվել դպրոցների տնօրեններին ճնշումներ գործադրել ուսուցիչների միջոցով ծնողների վրա…»:





























