Կառավարման խորհրդարանական ձեւին անցումը Հայաստանի համար ռիսկային քայլ է, որովհետեւ մենք երբեք նման համակարգ չենք ունեցել: Այդ մասին նոյեմբերի 16-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը` պարզաբանելով, որ այս պահին երկրում քաղաքական կուսակցությունները կայացած չեն:
Նրա խոսքով, Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունն այն է, որ պետք է փոխել քաղաքական համակարգը եւ ավելի առաջադիմական համակարգ հաստատել: Մարտիրոսյանի կարծիքով ներկայումս խոչընդոտ չկա այդ գործընթացը սկսելու համար, որպեսզի ի վերջ կայանան քաղաքական կուսակցությունները եւ ժողովրդավարություն հաստատվի: «Սահմանադրական փոփոխությունների անցկացումը փորձ է թեկուզեւ քաղաքական համակարգի փոփոխման միջոցով ավելի արդյունավետորեն լուծելու մեր երկրի առաջ կանգնած խնդիրները», - ընդգծել է պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները նախատեսում են կառավարման կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանականի: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին:





























