Սահմանադրական փոփոխություններով վերացվում է «պապայի» եւ «նազիր-վեզիրների» ինստիտուտը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում (ֆոտոռեպորտաժ):

«Մենք առաջարկում ենք վերացնել «պապայի» ինստիտուտը եւ անցնել խորհրդարանական համակարգին: Այսօր Սահմանադրական փոփոխություններին դեմ են արտահայտվում անհատներ, որոնց համար հեշտ է առաջադրվել՝ որպես նախագահի թեկնածու, ստանալ ժողովրդի ընդդիմադիր քվեն, ապա չկատարել մարդկանց տված խոստումները: Հիմա մենք ասում ենք՝ վերացնենք «պապայի եւ նազիր-վեզիրների» ինստիտուտը»,- ասել է Սամվել Ֆարմանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ այսօր ձեւավորվել է իրավիճակ, երբ իշխանությունը գտնվում է կոնկրետ անձի ձեռքերում: «Ոչ» քարոզող, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, սակայն, համոզված է, որ այս փոփոխություններն արվում են, քանի որ իշխանությունները չունեն համապատասխան ժառանգորդ:

«Քաղաքական էլիտան ծանր հիվանդ է, որը շատ է դողում իր կյանքի համար: Չունենալով համապատասխան ժառանգորդ՝ որոշեցին այս մեխանիզմը մշակել: Սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը դառնում է կուսակցության առաջնորդ եւ շարունակում է ղեկավարել երկիրը: Եթե ժառանգորդ ունենային, այս գլխացավանքի տակ չէին ընկնի»,- նշել է Արմեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: