Երեւանում դեղանյութերով մշակվել են շենքերի աղբախցերն ու շքամուտքերի տարածքները: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59  վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես  կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում  շարունակվում են  կրծողների դեմ պայքարի միջոցառումները:  Զեկուցվել է, որ դեռատիզացիոն աշխատանքների շրջանակում հատուկ դեղանյութերով մշակվել են բազմաբնակարան շենքերի աղբախցերը, շքամուտքերի տարածքներն ու խնդրահարույց հատվածները: Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները, քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին այս հարցում լինել  առավել խիստ և պահանջկոտ ծառայությունը մատուցող ընկերությունների նկատմամբ: