Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ նոյեմբերի 16-ին, հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է կարճ ժամկետում վերականգնել քամու հետեւանքով վնասված ճանապարհային նշանները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, հաշվի առնելով վերջին օրերին նկատվող քամու ուժգնացումները, քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր այն շինհրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ եւ մասնագետների հետ միասին հավաստիանալ, որ ապահովված են տվյալ կռունկների աշխատանքի համար սահմանված անվտանգության նորմերը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ տվյալ շինարարական կազմակերպությունների ղեկավարներին խստորեն նախազգուշացնել մշտապես հետեւել վերամբարձ կռունկների աշխատանքի անվտանգության ապահովմանը:

Ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ հայտնաբերվել եւ համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 9 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ: