Հանքավանում նոյեմբերի 16-ին 3 անձի սպանելու մեջ կասկածվողի Հայրապետ Սեփոյանի մորեղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանը չգիտի` ինչպես է քրոջորդին ինքնաձիգ ձեռք բերել:

NEWS.am-ի հետ զրույցում Մխիթար Հարությունյանը երկար ժամանակ հրաժարվում էր որեւէ մեկնաբանություն տալ քրոջորդու արարքի հետ կապված։

«Ես էդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ, ի՞նչ մեկնաբանելու բան ա, որ ես էլ մեկնաբանեմ, դուք չգիտե՞ք՝ ես ոնց կվերաբերվեմ էս հարցին: Ես կարծիք չունեմ էս հարցի վերաբերյալ, ինձ որեւէ հարց էս թեմայով մի տվեք: Էս պահին դրա մասին խոսալու վա՞խտն ա, թողեք, տենանք` ինչ ա, ինչ չի»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը՝ հավելելով, որ զբաղված է:

ԵԿՄ-ականն ասաց, որ տեղյակ չէ` քրոջորդին ինքնաձիգը ինչպես է ձեռք բերել։

«Դու իրանից հարցրա, ինձի հարցնում ես, որ ես քեզ ի՞նչ ասեմ: Ես հո Նոստրադամո՞ւսը չեմ, իմանամ՝ որտեղից, գործի քննությունը կպարզի՝ իրանն ա, իրանը չի, ոնց ա, ասենք»,-նշեց Մխիթար Հարությունյանը:

Նշենք, որ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքնում, նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել, գիտակցությունը տեղն է:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է  նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը: Նախնական տեղեկություններով՝ ի սկզբանե վեճը կտրած ծառի  պատճառով է եղել, որը  ողբերգական հանգուցալուծում է ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:

NEWS.am-ին հայտնի  էր  դարձել մահացած երեք անձանց ինքնությունը: Մեկը 27-ամյա երիտասարդ է Արմեն Հովհաննիսյան անունով, մյուսները  եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը եւ 35-ամյա Վահե Գալստյանը: Արմենը Վահեի ու Վարդանի ընկերն էր, ով եղել է մեքենայի մեջ: