Ես պաշտոնապես հրավիրում եմ անձամբ «ՈՉ»-ի շտաբի պետ պարոն Լեւոն Զուրաբյանին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, երեկոյան մեկ ժամ անցկացնել նույն հյուսիսային ուղղության մասնակիցների հետ օրվա ավարտին թեյի սեղանի շուրջ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի նախաձեռնողներից հեռուստահաղորդավար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով «Ոչ»-ի շտաբի հայտարարությանը, որտեղ քննադատության է ենթարկվել շոուն: 

Կարեն Քոչարյանը մասնավորապես, գրել է.

«Շնորհակալ եմ «Ոչ»-ի համատեղ քաղաքական շտաբին՝ մեր հեռուստանախագծի վերաբերյալ քաղաքական հայտարարություն տարածելու համար: Անկեղծ ասած այն մեր աշխատանքային թիմն ընդունեց բավականին մեծ ոգեւորությամբ, քանի որ նախապես մեզ համար նախադեպը չունեցող այսպիսի մտահղացման իրականացումը ոչ միայն խելահեղություն էր թվում, այլեւ մեր մտքով անգամ չէր անցնում, որ այն մեկ օր պաշտոնական քաղաքական հայտարարության թեմա կարող է դառնալ, այն էլ այնպիսի լուրջ քաղական միավորի կողմից, ինչպիսի «Ոչ»-ի համատեղ շտաբն է: Շնորհակալ եմ դիտելու համար, շնորհակալ եմ արձագանքելու համար, ինչը մեզ թույլ կտա հընթացս շտկել բոլոր այն իրավիճակները, որոնք միգուցե եւ թյուրընկալման տեղ են թողնում:

Ապարան քաղաքում «Այո եւ Ոչ» նախագծի հյուսիսային ուղղությանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի միանալու փաստին ես հրապարակավ անդրադարձել, բացատրություն տվել եմ, նաեւ շնորհակալություն եմ հայտնել պարոն Վարչապետին քարոզչության մեջ չներքաշվելու համար: Որքան հասկացա, իմ բացատրությունը չի բավարարել «Ոչ»-ի քաղաքական համատեղ շտաբի գործընկերներին: Հետեւաբար եթե նույնիսկ թյուրընկալում է մնացել, առաջարկում եմ արագ հարթել այն: Եվ այսպես:

Վարչապետը «Այո եւ Ոչ» հեռուստանախագծի հյուսիսային ուղղությանը միացել եւ եթերում եղել է ուղիղ 18 րոպե: Ես պաշտոնապես հրավիրում եմ անձամբ «ՈՉ»-ի շտաբի պետ պարոն Լեւոն Զուրաբյանին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, երեկոյան մեկ ժամ անցկացնել նույն հյուսիսային ուղղության մասնակիցների հետ օրվա ավարտին թեյի սեղանի շուրջ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումները: Եթե զբաղվածության խնդիր առաջանա, ուրեմն հրավիրում եմ նույն բանը կազմակերպել նոյեմբերի 19-ի երեկոյան (ցավոք վաղը մեր մասնակիցների համար հանգստյան օր է եւ եթերում կլինեն միայն կրկնություններ): Սպասում ենք պարոն Զուրաբյանի արձագանքին եւ շնորհակալ կլինեմ դրական արձագանքի համար»: