Հայաստանում փոփոխությունները պետք է համակարգային ու բովանդակային լինեն, ոչ թե անձնական. անձեր փոխելը չի հանգեցնի փոփոխությունների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անցկացմանը:

Նրա խոսքով, առաջարկվող սահմանադրական փոփոխություններն 90 տոկոսով համապատասխանում են ՀՅԴ պատկերացումներին: «20 տարիների ընթացքում մենք պնդում էինք, որ կառավարման լավագույն համակարգը խորհրդարանականն է, ոչ թե նախագահականը կամ կիսանախագահականը: Մենք բազմիցս ասել ենք, որ մեր հիմնավորումները փաստարկված են՝ ելնելով այսօրվա իրողություններից, գործող Սահմանադրության թերություններից ու արատներից»,-ընդգծել է Աղվան Վարդանյանը: