Հանքավանում նոյեմբերի 16-ին հնչած կրակոցներից մահացած 35-ամյա Վահե Գալստյանը երկու անչափահաս երեխաների հայր էր:

Հրազդանցիները NEWS.am-ին պատմեցին, որ կրակոցները եղել են հենց Վահեի մեքենայի վրա, որում գտնվող նրա եղբայրը՝ Վարդան Գալստյանը, եւ նրանց ընկեր Արմեն Հովհաննիսյանը եւս մահացել են:

Հարեւանները չեն հավատում շրջանառվող վարկածին, որ Գալստյան եղբայրներն ընդունակ էին ծեծի ենթարկել նրանց սպանության մեջ կասկածվողի հորը։ Հրազդանցիների խոսքով, եղբայրները ծանրակշիռ դրդապատճառ պետք է ունենային ինչ-որ մեկի հետ վիճաբանության մեջ մտնելու համար, քանի որ սովորաբար կռվարար չէին: 

«Լսելուց հետո բոլորս շոկի մեջ ենք, Վահեն ու Վարդանը ոսկի տղերք էին, կրթված, հարգված էին: Վահեի բերանից մի ավել խոսք չէիր լսի: Բոլորը հարգում սիրում են իրենց ընտանիքը, հայրն ու մայրը շատ բարի մարդիկ էին, նեղության պահին բոլորին հասնում էին»,-ասաց Գալստյանների հարեւաններից մեկը:

Վահեի եղբայրը՝ 25-ամյա Վարդան Գալստյանը, հարեւանների խոսքով, կրթված ու հարգված տղա էր՝ չնայած տարիներ առաջ «վատ շրջապատ ընկնելու հետեւանքով» 2011թ. խուլիգանության համար դատվել է, ապա երկու տարի անց համաներմամբ ազատ արձակվել:

Վարդան Գալստյանն ամուսնացած չէր:

Վահե եւ Վարդան Գալստյանները ունեն նաեւ 1 ամուսնացած քույր, մայրը ուսուցչուհի է, հայրը` գործարար:

Եղբայրների հետ մեքենայում եղած եւ կրակոցներից մահացած 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը տարիներ առաջ էր վերադարձել Հունաստանից, ամուսնացած չէր: Հարեւանների խոսքով՝ Հունաստանում գտնվող Արմենի ծնողներին տեղեկացրել են իրենց որդու մահվան մասին, նրանք շուտով Հայաստան կգան: 

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը, որդին հոր վրեժը լուծելու համար Հանքավանի «Տաք ջուր» առողջավայրում ինքնաձիգով կրակել է Վահեի մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են։

Հայրապետ Սեփոյանի հայրը` Գագիկ Սեփոյանը այժմ հիվանդանոցում է։ Նրա վիճակը միջին ծանրության է, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել։ Կասկածյալ Հայրապետ Սեփոյանը ձերբակալված է։

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  նոյեմբերի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։

Լուսանկարում սպանված Վարդան Գալստյանն է

Լուսանկարներում՝ Գալստյանների տունը