Կան ապրանքներ, որոնց առումով համարվում է, որ ներկրումը ճակատագրական կախվածություն է: Օրինակ՝ բնական գազը, որը ծավալներով Հայաստան ներկրվող ապրանքների ցանկի առաջին հորիզոնականում է: Բայց արդյո՞ք այդ էներգակրի ուղղությամբ կախվածությունը, ասենք, ի վնաս էլեկտրաէներգիայի չէ: Օրինակ՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ արմատախիլ արվեց հասարակական տրանսպորտի ամենաէժան տեսակի՝ տրամվայի պարկը: Աշխարհի բազմաթիվ երկրներում տրամվայը, որպես էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տեսակ, ծաղկում է ապրում, իսկ մեզ մոտ այն անպետք համարեցին:

Հայաստանում հիմնական խնդիրներից է համարվում սննդամթերքի ներկրումը: Նշենք, որ ազգային ապրանքաշուկայում ներկրման մասնաբաժնի համար ծայրահեղ շեմ է համարվում 20%-ը: Այսինքն՝ այս շեմը գերազանցելու դեպքում երկրի պարենային անվտանգության համար պոտենցիալ վտանգ է առաջանում: Ինչպիսի պատկեր է մեզ մոտ՝ ներկայացնենք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով: Հաշվի առնենք, որ այս դեպքում անտեսվում է ինչպես արտադրության, այնպես էլ ներկրման սեզոնայնությունը (որն առավելագույն ցուցանիշին է հասնում նախատոնական ամիսներին՝ նոյեմբեր-դեկտեմբերին):

Կարեւորագույն պարենային ապրանքի՝ ցորենի մասով տեղական արտադրության մասնաբաժինը հասել է 60%-ի: Հաշվի առնելով ֆերմերային մեկ տնտեսությանը բաժին հասնող հողատարածքների փոքր թիվը, սա նույնիսկ կարելի է ձեռքբերում համարել: Իհարկե, մեր բազմաթիվ քաղաքացիներ կասկածներ ունեն այդպիսի «ձեռքբերումների» վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2013 թվականին տավարի մսի «ինքնաբավության մակարդակը» կազմել է 86.2%, խոզի մսինը՝ 46.3%: Այսինքն՝ տավարի մսի առումով դրական ցուցանիշ ունենք, իսկ խոզի մսի առումով՝ ակնհայտ բացասական: Մեր հաշվարկներով, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին տավարի մսի տեղական ռեսուրսների մասնաբաժինը կազմել է շուրջ 86%, խոզի մսինը՝ 44%-ից քիչ ավելի:

Առաջին հայացքից՝ տավարի մսի առումով մեզ մոտ հրաշալի արդյունքներ են: Սակայն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով բնակչության մեկ շնչի ամսական հաշվարկով դրա ռեսուրսները կազմել են կես կիլոգրամից էլ պակաս: Հասկանալի է, որ եթե ինչ-որ հրաշքով բնակչության վճարունակությունն աճի, բազմաթիվ հիմնական պարենամթերքի ներկրման փոխարինման մակարդակը նույնքան կտրուկ կնվազի: