Հայաստանի վարչական աշխատակազմը շարունակում է ուռճացված մնալ: Այդ մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում 2016-ի պետբյուջեի քննարկման ժամանակ նշել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Կառավարությունն ասում է, թե ոչ մի բանի փող չկա, բայց չի պատրաստվում հրաժարվել ոչ 1072 ծառայողական մեքենայից, ոչ էլ ուռճացված վարչական ապարատներից, ընդգծել է նա: «Օրինակներից մեկը մարզպետների տեղակալներն են: Նախկինում ընդամենը մի տեղակալ էր հասնում: Երբ ձեւավորվեց իշխող կոալիցիան (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ), տեղակալների թիվը հասավ 3-ի: Այժմ կոալիցիա չկա, իսկ տեղակալները մնացել են: Նրանց մասին ասես մոռացել են», - նշել է Մարուքյանը:





























