ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դադարեցրել է բժշկական կրթական որոշ ծրագրերի լիցենզիայի գործողությունը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի եւ մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուսումնասիրությունների արդյունքում Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` դադարեցվել են «Նավասարդ ինստիտուտ» ՍՊԸ-ին բարձրագույն կրթական ծրագրով, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով` «Ստոմատոլոգիա» եւ բակալավրի որակավորման աստիճանով` «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը, «Գյումրիի «Պրոգրես» համալսարան» ԱԿ-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեության բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Բացի այդ, նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» եւ «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը:
Նշենք, որ բժշկական մասնագիտություններ ունեցող ոչ պետական բուհերում ուսումնասիրությունները շարունակվում են:





























