Հայաստանում կաթնամթերքի նոր արտադրությունը եւ հանքային ջրերի շշալցումը իրենց գինը կարող են հանել 10 տարուց ոչ շուտ։ Այս մասին ասված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետազոտության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 18-ին այդ ոլորտների փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ ՏՄՊՊ հանդիպման ժամանակ։
Նման կարծիք են հայտնել կաթնարտադրող հարցված սուբյեկտների 80 տոկոսը եւ հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող սուբյեկտների 70 տոկոսը։ Հարցվածների մոտ կեսը կարծում է, որ նոր ձեռնարկություններ կամ արտադրություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 300 մլն դրամ կապիտալ ներդրում։
Հարցվածների կարծիքով նման ներդրումները հնարավոր կլինեն 10 տոկոսից ոչ բարձր վարկ վերցնելու դեպքում։
Նշենք, որ ԿԲ տվյալներով՝ 2015թ. օգոստոսի դրությամբ 1 տարուց ավելի ժամկետով միջին տոկոսադրույքը ՀՀ դրամով կազմել է 15 տոկոս, իսկ ԱՄՆ դոլարով՝ 10,8։




























