Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը պնդում է, որ որդու սպանության համար մեղավոր են նաեւ ինստիտուտի հրամանատարական կազմից որոշ մարդիկ, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

«Ես համոզված եմ, որ կապիտան Զառաֆյանը մասնակցել է սպանությանը: Մովսեսը (խմբ. 4 ամբաստանյալներից մեկը) զանգել է Զառաֆյանին դեպքից հետո, 26 վայրկյան խոսել է: Զառաֆյանին հարցնում են՝ ի՞նչ ես խոսել, ասում ա՝ խաբար չեմ, երեւի ձեռքը միամիտ կպել ա, զանգ ա եկել, ոչ խոսացել եմ, ոչ բան»,- գործով  դատական առաջին նիստից հետո այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ իր որդու սպանության մեջ մեղադրվողներից Վաչեն ու Մովսեսն այդ դեպքից առաջ Տիգրան անունով կուրսանտի են ծեծել, դա տեսել է կոչումով կապիտան Զառաֆյանը եւ նրանց նկատողություն անելու փոխարեն նկատողություն է արել Տիգրանին, ծնող կանչել:

Արկադի Բարսեղյանը պատմեց, որ ցուցմունք կա այն մասին, որ ինստիտուտում դեպքից հետո տեսել են մեղադրյալներից Գնել Թեւոսյանին հոր՝ այն ժամանակ ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ, եւ նրանց պահվածքը տարօրինակ է եղել։

 «Գնելը վազելով գնում ա հոր մոտ, որ տեղյակ պահի` ինչ ա եղել: Հետո երբ մայորը տեսնում ա իրենց, հարցնում ա՝ Գնել, տեղյակ չե՞ս՝ ինչ ա եղել, Մարկոսյանն ասում է՝ չէ, ինքը տեղյակ չի՝ ինչ ա եղել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Սպանության մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

Գործով առաջին դատական քննությունն այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց պաշտպաններից երկուսի բացակայության պատճառով:

Տուժող կողմը գոհ է նախաքննությունից, պաշտպանական կողմը` դժգոհ: Ըստ կուրսանտների փաստաբանների՝ նախաքննությունը ձեռք չի բերել իրենց պաշտպանյալների մեղավորությունն ապացուցող բավարար փաստեր։