Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկում ավազակային հարձակում իրականացրած անձանցից երկրորդ անձը հայտնաբերվել  եւ կալանավորվել է:

Նոյեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մտել են Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը եւ թալանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 3-ի սահմանում, դիմակավորված 2 անձինք՝ ձեռնոցներով, տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են 1933 թ. ծնված Հրաչիկ Խ.-ի տուն, ծեծի ենթարկել նրան եւ կնոջը` 1937 թ. ծնված Կասյա Խ.-ին, կապել նրանց, պահանջել եւ ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին պարզվել էր, որ գործով դեռեւս չպարզված մեկ այլ անձի հետ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Ա.-ն:

Գարուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նա կալանավորվել էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 17-ին պարզվել է, որ Գարուշ Ա.-ի հետ ավազակային հարձակումը կատարել է 1991 թ. ծնված Գուրգեն Ս.-ն:

Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի նշված հոդվածի հատկանիշներով եւ նա կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: