Սիրիայից հնարավոր վտանգի սպառնալիքի կանխման համար 3 տարի առաջ Թուրքիայի խնդրանքով Թուրքիայի Մարաշ նահանգում տեղակայված գերմանական Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխվում են Գերմանիա։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ նախատեսված 3 տարի ժամանակի ավարտից հետո գերմանացի զինվորականները հատուկ միջոցառումով ավարտել են իրենց 3 տարվա ծառայությունը Թուրքիայում եւ Patriot ՀՕՊ համակարգերով հեռացել Թուրքիայից։

Հիշեցնենք, որ Թուրքիան 2012թ. դիմել էր ՆԱՏՕ-ին՝ 7 Patriot համակարգեր տրամադրելու խնդրանքով: Համակարգերը մարտական հերթապահության են անցել փետրվարին: Թուրքիայում, ընդհանուր առմամբ, տեղակայված են Patriot-ի 6 մարտկոցներ. երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Նիդերլանդներից: Դրանք տեղակայված են Սիրիայի սահմանակից Քահրամանմարաշ, Գազիանթեփ երկու նահանգներում, ինչպես նաեւ Ադանա նահանգում գտնվող թուրք-ամերիկյան Ինջիրլիկ բազայում: