Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2016թ. հունվարի մեկից Ուկրաինայի նկատմամբ պարենամթերային էմբարգո մտցնելու մասին, այս մասին հայտարարել է Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախարարը հավելել է, որ որոշման պատճառն այն է, որ Ուկրաինան միացել է Ռուսաստանի դեմ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներին:

«Ամենայն հավանականությամբ մենք ստիպված ենք լինելու միակողմանի կարգով պաշտպանել մեր շուկան Ուկրինայի մաքսային տարածքով ապրանքների անվերահսկելի ներհոսքից, երրորդ երկրների ՝ նախեւառաջ Եվրոպական միության երկրների ապրանքներից: Այս պաշտպանությունը կապահովվի նախեւառաջ առավել բարենպաստման ռեժիմի ներդրման միջոցով: Ուկրաինայի հետ մաքսային սակագնի զրոյական դրույքը պահպանելու հիմքեր այս իրավիճակում մեք չունենք »,- ասել է Ուլյուկաեւը:

Ուլյուկաեւը ավելի վաղ բազմիցս ասել էր, որ Ազատ առեւտրի գոտուն Ուկրաինայի միանալուց հետո Մոսկվան նրա դեմ պարենամթերային էմբարգո կմտցնի: Նոյեմբերի 13-ին առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը հայտնել էր, որ ԵՄ-ն Ռուսաստանին խնդրել է հրաժարվել Կիեւի նկատմամբ պատժամիջոցներից:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին պայմանագիրը ստորագրել է 2014 թ. սեպտեմբերին այն բանից հետո երբ այն հաստատվել է Գերագույն ռադայի կողմից: Համաձայնությունը ուժի մեջ է մտնելու 2016 թ.: Մինչեւ 2015 թ. վերջը Ուկրաինան միակողմանի կարգով է օգտվելու Եվրամիության առեւտրային արտոնություններից: