Նոյեմբերի 18-ին Ադրբեջանից վերադարձած ԼՂՀ քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանը բուժզննում է անցնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը։ Բուժզննումն իրականացվում է Ստեփանակերտում։

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե Գրիգորյանին հանձնելիս նկարահանման հետ կապված միջադեպ է ծագել, Վիկտոր Քոչարյանը նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը։

2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Հաջորդ օրը ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, տարածել էին նրա հետ «հարցազրույցը» եւ «սահմանն անցնելու» պահը։ ԼՂՀ ՊԲ-ն դա կեղծիք էր որակել։