Վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած շատ խոշոր ահաբեկչական գործողությունների հետքեր տանում են Բրյուսելի Մոլենբեկ արվարձան:

Հենց այնտեղ` գործազուրկ մահմեդական բնակչության շրջանում են մեծացել Աբդելսալամ եղբայրները, որոնք իրականացրել էին Վոլտեր ծառուղու ահաբեկչությունը, գրում է ֆրանսիական  Le Figaro-ն: Նրանցից առաջ, Մոլենբեկում է կանգ առել ջիհադիստների մի ամբողջ շարան:

1995-ից Մոլենբեկը ալժիրյան GIA («Զինված մահմեդական բանակ») խմբավորման եվրոպական ներկայացուցիչների գլխավոր շտաբն էր: 1995-ին այն Փարիզի էլեկտրագնացքների Սեն-Միշել կայարանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողների փոխաբեռնման կետն էր եղել: 

Դաման Աբդ-էլ-Սատտարը եւ Ռաշիդ Բուրաուին, որոնք  2001-ի սեպտեմբերին Աֆղանստանում սպանել էին թալիբների դեմ պայքարող դաշտային հրամանատար Ահմադ Շահ-Մասուդին, Աֆղանստան մեկնելուց առաջ Մոլենբեկում էին կանգ առել:   Իսկ Բելգիայում հայտնվել էին տեղական կեղծ անձնագրով, լրագրող ձեւանալով:  

2004-ին մադրիդյան Ատոչա կայարանում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը` Հասան-էլ-Հասկին, որը ծագումով Մարոկկոյից էր եւ ալ-Կաիդայի անդամ, որոշ ժամանակ ապրել էր Մոլենբեկում: 

 2014-ին ֆրանկո-ալժիրցի Մեհդի Նեմմուշը, որը մինչ այդ մեկ տարի Սիրիայում էր ապրել, Մոլենբեկ էր եկել, ինչից հետո կրակ էր բացել Բրյուսելի եվրոպական թանգարանի ուղղությամբ: 

Իսլամիստ ահաբեկիչ, Ֆրանսիայում ծնված Ամեդին Կուլիբալին, որը 2015-ի հունվարին Փարիզի Վենսենյան դարպասի մոտ գտնվող կաշերային սուպերմարկետում մարդկանց էր պատանդ վերցրել, զենքը ստացել էր մոլենբեկցի մատակարարներից: 

Ալժիրցի ուսանող Սիդ Ահմեդ Գլամը, որը 2015-ի ապրիլին սպանել էր Փարիզից ոչ հեռու գտնվող Վիլժյուիֆի բնակիչ Օրելի Շաթլենին, իրականացնում էր Մոլենբեկում մեծացած Աբդելհամիդ Աբաուդի հրահանգները: 

Ծագումով մարոկկացի Այուբ էլ-Հազզանին Մոլենբեկում  քրոջ մոտ էր կանգ առել 2015-ի օգոստոսին Ամստերդամ-Փարիզ գնացքում ավազակային հարձակումից առաջ: Նրան կարողացել էին ժամանակին ձերբակալել: Նրան եւս հրահանգներ էր տվել նույն Աբդելհամիդ Աբաուդը: