Հելսինկիում նոյեմբերի 16-ից 17-ը տեղի ունեցան հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, ֆինլանդական կողմից` Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Տերի Հակալան:

Հայ եւ ֆինլանդացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարեւորվեց հայ-ֆինլանդական քաղաքական երկխոսության աշխուժացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հայկական պատվիրակությանն ընդունեց Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Պիտեր Սթենլունդը:

Հայկական պատվիրակությունը Հելսինկիում հանդիպումներ ունեցավ նաեւ Ֆինլանդիայի խորհրդարանում: