«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի Նոր-Նորքի զանգվածում իրականցնում են հերթական իրազեկման երթը, որի նպատակն է քաղաքացիներին տեղեկացնել Ազատության հրապարակում դեկտեմբերի 1-ին կայանալիք համազգային հանրահավաքի մասին։
«Մարդկանց տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 1-ից սկսում ենք իշխանափոխության գործընթացը։ Կարծիքները տարբեր են, բայց մեծամասամբ դրական են գնահատում իշխանափոխություն իրականացնելու մեր ծրագիրը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը՝ հավելելով, որ իրազեկման երթերին ուղղակի կերպով չեն խոչըդոտում, պարզապես վարչական ռեսուրսների միջոցով քաղաքացիներին հետ են պահում մասնակցություն ունենալ ակցիաներին։
Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում բավարար թվով քաղաքացիներ կհավաքվեն իրենց՝ իշխանափոխություն անելու ծրագիրն իրականացնելու համար։
«Մեզ շատ-շատ մեծ կոնտինգենտ պետք չէ, մենք չենք խոսում տասնյակ-հազարավորների մասին։ Այս ռեժիմն այնքան խարխլված է, որ 5000 մարդն էլ է բավարար այս ռեժիմից ձերբազատվելու համար։ Ես կարծում եմ, որ մենք այդ կոնտինգենտը կհավաքենք»,-ասաց նա։
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեին՝ Սաֆարյանը ընդգծեց, որ Նոր Հայաստան» փրկության ճակատի նպատակը ոչ թե քաղաքացիներին «ոչ» կամ «այո» քվեարկել հորդորելն է, այլ իրազեկել նրանց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը «վատ» ճանապարհ է։
«Մենք կոչ չենք անում մարդկանց ոչ գնալ, ոչ չգնալ հանրաքվեին։ Եթե մարդն ուզում է գնալ եւ «ոչ» քվեարկել, մենք դեմ չենք։ Մենք ասում ենք, որ մեր երկրում 20 տարի որեւէ քվեարկություն արդար չի եղել, սա էլ արդար չի լինելու։ Եթե սա աշխարհի ամենալավ Սահմանադրությունը լիներ, քանի դեռ երկրում գործում է հակասահմանադրական վիճակ, քանի դեռ իշխանության են մարդիկ, ովքեր անընդհատ ոտնահարում են Սահմանադրությունը, փոփոխությունը ոչ մի արդյունք չի տա»,-նշեց ակտիվիստը։
Նշենք, որ իրազեկման երթին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, իսկ քայլերթն ուղեկցում էր մոտ մեկ տասնյակ ոստիկան։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները իրազեկման երթեր են անցկացրել մայրաքաղաքի տարբեր համայնքներում եւ Հայաստանի մարզերում։
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին: Նրանք հայտարարում են, որ մինչեւ դեկտեմբերի վեցը իշխանափոխություն են անելու: Ճակատին են միացել «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Քաղաքագետների միությունը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը:





























