Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը բացառելու շատ հասանելի գործիքներ կան. մենք այդ հարցն ավելի խորությամբ կուսումնասիրենք վաղը: Այս մասին Երեւանոմ նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրիջիթ Բրինքը՝ պատասխանելով NEWS.am-ի լրագրողի հարցին, թե հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ինչ հեռանկարներ կան, մասնավորապես, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման հարցում:
Հայ-ամերիկյան համատեղ տնտեսական աշխատանքային խումբը, նրա խոսքով, տնտեսական աջակցության վերաբերյալ զրույցներից անցել է գործի՝ առեւտրի եւ ներդրումների աճի:
«Շատ կարեւոր է իմանալ, որ աշխատանքային խումբը չի շեղվում Առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնության քննարկումների պլանից: ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակի մեր գործընկերները, որոնք նույնպես քննարկումներ են ունեցել կառավուրության հետ, աջակցում են այս նպատակի իրականացմանը: Կարծում եմ, որ կան շատ քայլեր, որոնք մենք կարող ենք համատեղ ձեռնարկել, եւ որոնք ԱՄՆ–ը կարող է իրականացնել Հայաստանին աջակցելու նպատակով: Մենք շարունակում ենք առաջ գնալ՝ օգտագործելով տնտեսական կապերն ամրապնդելու եւ ներդրումները մեծացնելու հնարավոր գործիքները»,-ամփոփել է Բրիջիթ Բրինքը:




























