Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015 թվականի օգոստոսի 27-ին քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում առերեւույթ հանցագործություն կատարած անձն իր պայուսակից հափշտակել է դրամապանակը, որում եղել է բանկային քարտ, կանխիկ զգալի գումար։

Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք զննվել են գողության մասին հաղորդում ներկայացրած կնոջ մասնակցությամբ։  Վերջինիս հայտարարության համաձայն՝ իր դրամապանակը հափշտակել է տեսագրության մեջ երեւացող՝ նիհար կազմվածքով, կարճ սանրվածքով, սեւ մազերով, մեծ սուր քթով, մուգ մաշկով երիտասարդը, ում հագին այդ պահին եղել է կապույտ վերնաշապիկ, սեւ տաբատ:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով  միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու եւ  հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: