Հայաստանի արտաքին առեւտուրը որոշակիորեն կարող է դիվերսիֆիկացվել եւ այդ գործընթացում գլխավոր ուղղությունը կարող է դառնալ Չինաստանը:  Այդ մասին նոյեմբերի 19-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:  

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ Հայաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները վերջերս դանդաղել են ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված:  «2014-ին 2013-ի համեմատ Չինաստանի հետ մեր առեւտրա-տնտեսական հարաբերությունների ցուցանիշներն աճել են   2,5 անգամ: 2014-ին արտահանումը կազմել է 171 մլն, իսկ ներմուծումը` 417 մլն դոլար: Ներմուծումը Հայաստանի ամբողջ ներմուծման 11,3 տոկոսն է կազմել, իսկ արտահանումը` ամբողջ արտահանման 9,5 տոկոսը: Եթե խոսենք  2015-ի 9 ամսվա մասին, Չինաստանի հետ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառությունը կազմել է  357 մլն դոլար, դա ամբողջ առեւտրի  10,3 տոկոսն է», - ընդգծել է Վազգեն Սաֆարյանը: Հայկական արտադրանքի արտահանումը Չինաստան, հավելել է նա, կազմել է  113,5 մլն դոլար, դա ամբողջ արտահանման 12 տոկոսն է, իսկ ներմուծումը կազմել է  226 մլն դոլար, դա ներմուծման 9,6 տոկոսն է: